


Արմինֆո. Բոլոր տվյալներով՝ Թեհրանին ուղղված Իսրայելա-ամերիկյան հարվածների թիրախը եղել է Իրանի ղեկավարությունը, այդ թվում ՝ այաթոլլահ Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը, սակայն վերջիններս Թեհրանում չեն: Այս մասին իր սոցիալական ցանցերում գրում է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
"Միևնույն ժամանակ, վերջերս New York Times-ը հաղորդել էր, որ Իրանի ղեկավարությունը նույնպես պատրաստ է իրադարձությունների նման զարգացման. հոգևոր առաջնորդ Խամենեին արդեն 4-ական մարդ է նշանակել բարձրագույն պաշտոններից յուրաքանչյուրի համար: Ամերիկյան աղբյուրների տվյալներով՝ այդ նշանակումների գլխավոր դերը պատկանում է Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի ղեկավար Ալի Լարիջանիին", - արձանագրել է Գեղամյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսրայելն ԱՄՆ աջակցությամբ հարձակվել Է Իրանի վրա։ Հարվածներ են հասցվել Թեհրանում կառավարական շենքերի ուղղությամբ։ Չհաստատված տեղեկությունների համաձայն, Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին սպանվել է Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով:



