
Արմինֆո. Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե արտաքին միջամտության սպառնալիքն է, այլ՝ ներքին քաղաքական լեգիտիմության ճգնաժամը։ Facebook-ի իր էջում նման կարծիք է հայտնել "Դեմոկրատական այլընտրանք" կուսակցության առաջնորդ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, արձագանքելով հաղորդումներին այն մասին, թե Հայաստանը ԵՄ-ից հիբրիդային արագ արձագանքման խումբ է խնդրել "2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանին հակազդելու համար"։
«Եվրամիության կողմից Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին «օժանդակելու» նախաձեռնությունը ներկայացվում է որպես Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքար։ Սակայն բովանդակային դիտարկումը ցույց է տալիս, որ խոսքը ընտրական գործընթացի կառավարման մասին է։
Այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական նամակով դիմել է Եվրամիությանը՝ Երևան ուղարկելու «հիբրիդային արագ արձագանքման խումբ», արդեն իսկ փոխում է ընտրական գործընթացի տրամաբանությունը։ Արտաքին դերակատարը հրավիրվում է մասնակցելու ընտրական միջավայրի ձևավորմանն ու վերահսկմանը՝ գործող իշխանության ուղիղ խնդրանքով։
Այս մոտեցման առանցքային խնդիրը «ապատեղեկատվություն» հասկացության քաղաքականացումն է։ Գործնականում այն վերածվում է ոչ թե կեղծ տեղեկատվության դեմ պայքարի, այլ իշխանության համար քաղաքականապես անցանկալի նարատիվների սահմանափակման գործիքի։ Երբ իշխանությունն ու արտաքին գործընկերը համատեղ որոշում են, թե որ խոսքն է համարվում վտանգավոր, ընտրությունները դադարում են լինել ազատ գաղափարների մրցակցություն և վերածվում են վերահսկվող տեղեկատվական միջավայրի։
Նման մոդել արդեն կիրառվել է Մոլդովայում և Բրյուսելում ու այն ներկայացվում է որպես հաջողված փորձ։ Սակայն այդ «հաջողությունը» չափվում է ոչ թե քաղաքական պլյուրալիզմի խորացմամբ, այլ իշխանության ընտրական վերարտադրության ապահովմամբ։
Սա այն մոդելն է, որտեղ ընտրությունների բովանդակությունը նախապես կառավարվում է։ Իշխանությունն իրեն նույնացնում է «ժողովրդավարության» հետ, իսկ ընդդիմադիր կամ այլընտրանքային քաղաքական խոսքը ավտոմատ կերպով ներկայացվում է որպես արտաքին ազդեցության արդյունք։ Ընտրողը դադարում է դիտարկվել որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ և ընկալվում է որպես ռիսկ, որից պետք է պաշտպանել հենց իրեն։
Պատահական չէ, որ այս մոտեցումը քննադատության է արժանացել հենց Արևմուտքի ներսում։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն անցյալ տարի Մյունխենի անվտանգության համաժողովում արձանագրել է, որ ժողովրդավարության անվան տակ մեդիայի վերահսկումը և ընտրական գործընթացի տեխնոկրատական կառավարումը հանգեցնում են ոչ թե ժողովրդավարության պաշտպանությանը, այլ դրա քայքայմանը։
Հայաստանի դեպքում խնդիրը արտաքին միջամտության սպառնալիքը չէ, այլ ներքին քաղաքական լեգիտիմության ճգնաժամը։ Այդ ճգնաժամը չի լուծվում արտաքին «արագ արձագանքման խմբերով»։ Ընդհակառակը՝ նման միջամտությունները խորացնում են հանրային անվստահությունը և ընտրությունների արդյունքը ներկայացնում որպես արտաքին քաղաքական հովանավորության արդյունք։
Եթե ընտրությունները կառավարելու համար անհրաժեշտ է արտաքին կենտրոնի մշտական ներգրավում, ապա արդյո՞ք դրանք դեռ կարող են համարվել ինքնիշխան պետության ազատ ընտրություններ», - գրել է քաղաքական գործիչը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ "Ազատություն" ռադիոկայանը հաղորդել էր, որ իրենց տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նամակը Բրյուսելին, որում նա "խնդրել էր արագ արձագանքման խումբ ուղարկել Երեւան՝ կրեմլյան ապատեղեկատվությանը եւ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ռուսական միջամտությանը հակազդելու համար, ապա, հնարավոր է, ավելի մշտական քաղաքացիական առաքելություն": Այդ կապակցությամբ հիշեցվել է, որ ԵՄ-ը մոտ 20 հոգուց բաղկացած համանման խումբ էր ուղարկել Քիշնև՝ անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, "որպեսզի օգնի Մոլդովայի իշխանություններին բացահայտել և հակազդել սոցիալական ցանցերում Ռուսաստանից եկող ապատեղեկատվությանը": Հավելենք, որ ավելի վաղ ԵՄ գլխավոր դիվանագետ Կայա Կալլասը հայտարարել էր Հայաստանին 15 մլն եվրո հատկացնելու մասին ՝ "ռուսական քարոզչությանը հակազդելու համար":