
Արմինֆո.ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է հայկական կողմի հետ ռազմավարական գործընկերության շուրջ համապարփակ փաստաթղթի մշակումն ավարտելու Իսլամական Հանրապետության պատրաստակամության մասին, ընդգծելով, որ երկկողմ կապերի ընդլայնումը կհամապատասխանի երկու երկրների շահերին:
Փեզեշքիանն ընդգծել է Իրանի վճռականությունը՝ ընդլայնելու և խորացնելու համակողմանի հարաբերությունները հարևան երկրների, հատկապես, Հայաստանի հետ:
"Որքան էլ բարձրանա հարաբերությունների մակարդակը քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ ենթակառուցվածքային ոլորտներում, երկու երկրների շահերը պաշտպանված կլինեն ավելի քան երբեւէ", - ըստ IRNA-ի՝ ասել է նա Հայաստանի հետ ռազմավարական փաստաթուղթ կնքելու Իրանի պատրաստակամության համատեքստում:
Փեզեշքիանը նշել է երկու երկրների միջև տնտեսական և միջանցքային համագործակցության բարենպաստ միտումը՝ դա համարելով փոխադարձ հնարավորությունների օգտագործման ընդհանուր ձգտման նշան:
"Մեր գլխավոր քաղաքականությունը տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ կայուն անվտանգությանն աջակցությունն է, եւ մենք ոչ մի կերպ չենք ձգտում անկայունության եւ լարվածության, քանի որ ցանկացած անկայունություն վնաս կհասցնի տարածաշրջանի բոլոր երկրներին", - հայտարարել է նա:
Իրանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագրի առնչությամբ՝ այդ գործընթացը համարելով դրական քայլ անվտանգության ամրապնդման և տարածաշրջանային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
Անդրադառնալով վերջերս Հայաստան կատարած իր այցին՝ Փեզեշքիանն այցը որակել է կառուցողական և արդյունավետ, նշելով, որ ձեռք բերված բոլոր համաձայնությունները լրջորեն դիտարկվում են համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից, և հույս հայտնելով, որ դրանց լիարժեք իրականացումը կբարձրացնի համագործակցությունը երկկողմ և տարածաշրջանային մակարդակներում:
Իր կողմից՝ Պապիկյանը փոխանցել է Հայաստանի վարչապետի ողջույնները և երկկողմ հարաբերությունները բնութագրել որպես ամուր, կայուն և ընդլայնվող, հույս հայտնելով, որ Իրանի առջև ծառացած խնդիրները կլուծվեն դիվանագիտական ճանապարհով և երկխոսության միջոցով:
Ավելի վաղ ռազմավարական բնույթի փաստաթղթի նախապատրաստման մասին հաղորդել էր Հայաստանում Իրանի դեսպանը: Նա նաև պատմել էր, որ պատրաստվում է Հայաստանի վարչապետի այցը Թեհրան՝ 2026 թվականին։ Իր հերթին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է նախապատրաստվող այցի փաստը, սակայն դժվարացել է ժամկետներ նշել: Փաշինյանն ասել է, որ այցը տեղի կունենա այն ժամանակ, երբ Հայաստանի և Իրանի միջև ռազմավարական բնույթի փաստաթուղթը վերջնական տեսքի բերվի, և այն ստորագրելու անհրաժեշտություն առաջանա: