


Արմինֆո. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Քենիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարարության քաղաքական և դիվանագիտական հարցերով գլխավոր տնօրեն Ջոսֆատ Մակարան ստորագրել են երկու արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ փաստաթղթի ստորագրումից հետո տեղի են ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև առաջին քաղաքական խորհրդակցությունները, որոնք վարել են ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և գլխավոր տնօրեն Մակարան։
Կողմերը քննարկել են կրթության, առողջապահության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում կապերի ամրապնդման հնարավորությունները։ Երկու կողմերն էլ ընդգծել են քաղաքական երկխոսության ամրապնդման և իրավապայմանագրային շրջանակի ընդլայնման կարևորությունը։ Քննարկվել է նաև միջազգային ֆորումներում համագործակցության և փոխադարձ աջակցության թեման։
Քենիական կողմին ներկայացվել են Հայաստանի 2026 թվականի առաջնահերթությունները՝ ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովից առաջ, որը տեղի կունենա Երևանում։
Հանդիպմանը քննարկվել են Հարավային Կովկասում և Արևելյան Աֆրիկայում վերջին զարգացումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և միջազգային օրակարգում ներառված այլ հարցեր։



