


Արմինֆո.Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի։ Այդ մասին ասվում է Հայաստանի ՆԳՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ նախարար Արփինե Սարգսյանը նախօրեին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։
Արփինե Սարգսյանը բարձր է գնահատել ԵՄ հետ սերտ համագործակցությունը՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումն ու կոնկրետ ուղղություններով գրանցված արդյունքները։
ՆԳ նախարարը ներկայացրել է վիզաների ազատականացման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներն ու վերահաստատել հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու նախանշված քայլերը։
Անդրադառնալով ԵՄ կառույցների՝ Ֆրոնտեքսի և Եվրոպոլի հետ գործընկերությանը՝ նախարար Սարգսյանն այն ամրապնդելու տեսանկյունից կարևորել է Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։
Դեսպան Մարագոսը արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ ընդգծելով համատեղ գրանցված տեսանելի արդյունքները։
Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ուղղությամբ միջոցառումներն ու գործընկերության ընդլայնման հնարավորությունները։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև առաջիկայում ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունների Հաայաստան այցի մանրամասներ, ինչը համագործակցության նոր փուլի մեկնարկ կհանդիսանա։



