


Արմինֆո. Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը չափազանց մեծ է համարում ԱՄՆ-ի կողմից Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու հավանականությունը:
«Չափազանց մեծ է հավանականությունը, որ առաջիկա օրերին ԱՄՆ-ն կհարվածի Իրանին. Բանակցությունները կարծես արդյունք չեն տալիս։ Իրանի շուրջ ամերիկյան ռազմական ներկայությունը հասել է պատմական ամենաբարձր կետերից մեկին։ Տեսականորեն ամերիկյան բանակն արդեն վաղը կարող է ռազմական գործողություններ սկսել։
Դատելով ռազմական ներկայության կառուցվածքից՝ Պենտագոնը չի դիտարկում (գոնե այս պահին) ցամաքային որևէ գործողություն, և օպերացիան կրելու է հրթիռային հարվածների բնույթ։
Ինձ համար դեռևս մեկ հարց է բաց մնում՝ արդյոք Ամերիկան հարվածելու է միայն ռազմական և տնտեսական ենթակառուցվածքներին, թե՞ նպատակը Իրանի քաղաքական ղեկավարության տապալումն է։ Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե ինչու ԱՄՆ-ն բաց թողեց ակտիվ հանրահավաքների ժամանակ Իրանին հարվածելու հնարավորությունը։ Ամենայն հավանականությամբ, հաշվարկն այն էր, որ դրանից հետո իրանական իշխանությունն ավելի թուլացած է լինելու՝ ունենալով ավելի ցածր ներքին և արտաքին աջակցություն։
Մի բան փաստ է. եթե պատերազմը սկսվի, այն կլինի պատմության մեջ այս մասշտաբի ԱՄՆ-Իրան առաջին ուղիղ առճակատումը կամ, այլ խոսքերով ասած, լայնամասշտաբ պատերազմը, և դրա հավանականությունը պատմական մաքսիմումի վրա է։ Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք կարծես թե չեն ստացվում», - գրել է փորձագետը Facebook-ի իր էջում:
Փետրվարի 18-ին Ժնևում ավարտվել է միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը: ԶԼՄ-ների համաձայն, միջուկային թեմատիկայից բացի, քննարկվել են հնարավոր տնտեսական պայմանավորվածությունները: Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել Է Թեհրանի հետ տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով կարգավորելու Վաշինգտոնի մտադրության մասին:



