


Արմինֆո.Իշխանությունը հատեց ևս մեկ կարմիր գիծ՝ քրեական հետապնդում հարուցելով Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի դեմ և խափանման միջոց ընտրելով երկրից բացակայելու արգելքը։ Այդ մասին ասվում է հետխորհրդային Հայաստանի առաջին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանի հայտարարության մեջ:
Նրա ասելով, ամեն մի կարմիր գիծ հատելով՝ այս իշխանությունը հարվածում է հայոց պետությանն ու հայ ժողովրդի ապագային։ «Այս ամենը սկսվեց բանակը «մաքրելու» թեզից․ թուլացնելով ու քայքայելով բանակը՝ հնարավորություն տվեց հակառակորդին հարձակվելու։
Հետո եկավ դատարանները «մաքրելու» թեզը․ քայքայեց դատական համակարգը, տարիների ընթացքում դատարանների քիչ թե շատ ձեռք բերած անկախությունն ու օրենքով առաջնորդվելու առաքելությունը։ Այժմ «մաքրում» է եկեղեցին՝ հեռանկարում ցանկանալով քայքայել մեր ժողովրդի հոգևոր, 1700-ամյա ձողը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Հաջորդ կարմիր գիծը, որը հատելու է այս իշխանությունը, լինելու է յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու ընտանիքը։ Այստեղ էլ է ցանկանալու «մաքրություն» մտցնել՝ վերջնականապես քայքայելով հայ ժողովրդին ու մեր պետությունը։ Ինչքա՞ն կարող ենք հանդուժել»,- հայտարարել է ԱԺՄ կուսակցության առաջնորդը:
Հիշեցնենք, որ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն հայոց հաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ․ նրա մեկնումը երկրից արգելված է: Գործը հարուցվել է Արման Սարոյանին կարգալույծ հռչակելուն առնչվող դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Քրեական գործով դատախազ է նշանակվել Խաչատուր Գալստյանը: Քննությունը վարելու է քննիչ Արա Ավագյանը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժարվել է պատասխանել քննիչի հարցերին:



