
Արմինֆո."ՀայաՔվե" քաղաքացիական նախաձեռնությունը 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում նախատեսված խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես "Հայկական քվեն" կուսակցություն:
Ինչպես Facebook-ի էջում տեղեկացրել են նախաձեռնության մամուլի ծառայությունից, որոշումն ընդունվել է կուսակցության համագումարի արդյունքում, որտեղ հաստատվել են նաև կուսակցության նոր կանոնադրությունն ու քաղաքական ծրագիրը, ինչպես նաև ընտրվել են ղեկավար մարմիններ: "ՀայաՔվե" նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին մասնակցելու որոշմանը, հիշեցրել է, որ ի սկզբանե "ՀայաՔվե" քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծվել է 2023 թվականի ապրիլին ՝ տուժած Արցախը պաշտպանելու և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու նպատակով։
"Թեև մենք քաղաքացիների հսկայական աջակցություն ստացանք, գործող թրքահաճո վարչախումբը Ազգային ժողովում վիժեցրեց մեր ներկայացրած օրենքի նախագիծը, փորձելով առհավետ փակել Արցախի էջը», - հիշեցրել է Ավետիք Չալաբյանը։
Այնուհետեւ, ինչպես հիշեցրել է նախաձեռնության համակարգողը, 2024 թ. սեպտեմբերին «ՀայաՔվեն» վերակազմավորվել է՝ որպես ազգային քաղաքական միավորում, ստանձնելով ազգային ինքնության, ժողովրդավարության, մարդու իրավունքների, սոցիալական արդարության բազմաթիվ խնդիրներ:
«Ողջ 2025 թվականն անցավ թեժ պայքարի մեջ, մենք մշտապես գտնվում էինք պայքարի առաջին գծում, մեր հետևողական գործունեությանը խոչընդոտելու համար նույնիսկ վարչախմբի կողմից առանձին օրենք ընդունվեց:
Այժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը:
Երեկ կայացավ մեր միավորման կազմում գործող «Հայկական քվե» կուսակցության համագումարը, որտեղ հաստատվեցին նրա նոր կանոնադրությունը և քաղաքական ծրագիրը, ընտրվեցին կուսակցության ղեկավար մարմինները, ինչպես նաև` պաշտոնական որոշում կայացվեց մասնակցելու 2026 թ. համապետական ընտրություններին: Դրանով մենք ձևավորեցինք մեր միավորման քաղաքական թևը, և որոշեցինք անմիջական քաղաքական պատասխանատվություն ստանձնել մեր երկրի անվտանգ, ազատ և արդար ապագայի համար:
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, համախոհներին և աջակիցներին՝ մեծ վստահության և աջակցության համար, որը թույլ տվեց մեզ հասնել այս հանգրվանին: Նաև, սիրով կսպասենք մեր բոլոր այն համախոհներին, ովքեր պատրաստ կլինեն միանալ մեզ, կամ տարբեր ձևերով աջակցել մեր մեծ գործին: Մինչ այդ, մենք առաջիկա օրերին արդեն կսկսենք ներկայացնել մեր ծրագրերը և մեր քաղաքական թիմի անդամներին, և պատրաստվել մոտալուտ ճակատագրական ընտրություններին»,- ամփոփել է Չալաբյանը: