
Արմինֆո.Հայաստանի կառավարությունն այսօրվա դրությամբ ԵՄ հետ բանակցություններ չի վարում հանրապետությունում Եվրամիության քաղաքացիական առաքելության մանդատի երկարաձգման շուրջ, որն ավարտվում է 2027 թվականի փետրվարին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ով ավարտում է իր գործունեությունը երկրում։
Նրա խոսքով ՝ մինչև հաջորդ տարի առաքելության մանդատի մասով ոչինչ չի փոխվի։ Ռիտերը հավելել է, որ արդեն դրանից հետո Հայաստանի կառավարությունը ԵՄ հետ կքննարկի, թե ինչպես է պատկերացնում իրենց ապագա փոխգործակցությունը։
Անդրադառնալով լրագրողի ճշգրտող հարցին, թե արդյոք այսօր չի քննարկվում Հայաստանում իրենց գործունեության երկարաձգման հարցը, Ռիտերը կրկնել է, որ այս պահին քննարկում չկա: "Այս պահին քննարկում չկա։ Հայաստանի կառավարությունը շատ բացահայտ խնդրել է մեզ շարունակել մշտադիտարկումը սահմանին, այցելությունները սահմանամերձ գյուղեր։ Հենց դա էլ կանենք, քանի դեռ երկու կողմերը չեն ստորագրել և չեն վավերացրել խաղաղության պայմանագիրը",- ասել է նա։
Դիտորդը նաև պատմել է, որ այս պահի դրությամբ ԵՄ առաքելությունն իրականացրել է 7780 պարեկություն հյուսիսից հարավ: "Կարող եմ ասել, որ 2025 թվականի օգոստոսից հետո մենք ոչ մի միջադեպ չենք արձանագրել, և իրավիճակը շատ ավելի հանգիստ է եղել", - հավաստիացրել է Ռիտերը: Նա նաև հավելել է, որ իրենք հիմա սահմանային լարվածության նախադրյալներ չեն տեսնում։
Նշենք, որ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը 2025 թվականի հունվարի 10-ին առաջարկել էր ևս երկու տարով երկարաձգել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը համաձայնել էր ձևավորել Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն Հայաստանում ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակում։ Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղերում վստահության ամրապնդմանը և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին նպաստող պայմանների ապահովմանը: Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում ընդգրկվել է մինչև 100 մասնագետ: EUMA-ի նախնական մանդատը նախատեսված է երկու տարվա համար, նրա օպերատիվ շտաբը գտվում է Եղեգնաձորում: Առաքելությունը սկսել է գործել 2023 թվականի փետրվարի 20-ին ։ Նրա կազմում ընդգրկված են 8 ֆրանսիացի ժանդարմ և 15 ոստիկան Գերմանիայից ։ Բացի այդ, 2023 թվականի դեկտեմբերի 11-ին ԵՄ ԱԳՆԽ նիստի արդյունքներով Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է առաքելության թվաքանակը 209 մարդու հասցնելու մտադրության մասին ։