
Արմինֆո. "Ուժեղ Հայաստան" կուսակցության կողմից որպես վարչապետի թեկնածու միաձայն ընտրվել է քաղաքական ուժի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը: Այդ մասին փետրվարի 12-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կուսակցության պաշտոնական շնորհանդեսի ժամանակ հայտարարել է "Մեր ձեւով" շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
"Մեր ղեկավարը ծնվել է Հայաստանում և մեծացել գյուղում, նա աճել է ժողովրդից։ Բիզնեսում հաջողության հասնելով՝ նա չի մոռանում իր արմատների մասին։ Ունենալով լավագույն միջազգային կապեր՝ նա մտադիր է դրանք օգտագործել ի շահ երկրի։ Նա դա ապացուցել է գործով, այլ ոչ թե՝ խոսքով։ Սամվել Կարապետյան առաջարկում է այլընտրանքային ընտրություն անվտանգության և տնտեսության ոլորտներում",- հայտարարել է "Մեր ձեւով" շարժման համակարգողը։
Նա նշել է, որ հայ ժողովրդի առջև կարևոր ընտրություն է դրված․ շարունակել գործել նույն ձեւով կամ լրջորեն զբաղվել վերածնունդով: "Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրում է իրեն երրորդ հնարավորություն տալ։ Երբ մենք նրան առաջին շանս տվեցինք, նա կորցրեց Արցախի 75 տոկոսը, թուլացրեց ու քանդեց բանակը, ինչպես նաև վերահսկողության տակ վերցրեց դատական համակարգը։ Երկրորդ շանսը հանգեցրեց Արցախի լիակատար կորստին, նրա խումբը սկսեց հարստանալ, նա սկսեց ճնշում գործադրել և ավելացրեց պետական պարտքը։ Բացի այդ, նա հարձակումներ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու վրա։ Այդ առնչությամբ հարց է առաջանում․ էլ ի՞նչ նա չի հասցրել անել, որպեսզի նորից ընտրվի։ Նա պնդում է, որ հարևաններն ավելի ուժեղ են դարձել, բայց իրականում հենց ինքն է թույլ", - նշել է Նարեկ Կարապետյանը։
Նրա խոսքով՝ երկիրը պետք է ունենա ուժեղ և լուրջ ղեկավար, որը կկարողանա խաղաղ ճանապարհով վերադարձնել Հայաստանի գրավյալ տարածքները: "Բոլորը շատ լավ գիտեն, որ երբ Կարապետյանը ինչ-որ բան է խոստանում, նա դա անպայման անում է, ինչ գին էլ որ դա նրան արժենա։ Մեր հաղթանակն անխուսափելի է։ Մեզ պետք է ոչ թե սովորական հաղթանակ, այլ խոշոր՝ մեծամասնություն Հայաստանի Ազգային ժողովում։ Սամվել Կարապետյանի հետ միասին կերտելու ենք ուժեղ Հայաստան և հաղթելու ենք", - հայտարարել է Նարեկ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին տեղի է ունեցել "Ուժեղ Հայաստան" կուսակցության համագումարը, որի ընթացքում գործարար, "Տաշիր" ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ:
Հավելենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են 2026 թվականի հունիսի 7-ին ։