


Արմինֆո. Հանուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական արշավի՝ պաշտպանական կառույցի առանձնահատկությունների ու կառուցվածքի ցուցադրությունը իմաստազրկում է գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ արձագանքելով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կողմից սահմանին ամրացված շրջանների հրապարակմանը։
«ՊՆ ամրացման շրջանների դետալային ցուցադրումն ու դրանց ֆունկցիոնալ նշանակությունն ի լուր աշխարհի ներկայացնելը ոչ վաղ անցյալի մի դրվագ հիշեցրեց։
2 տարի առաջ մի քանի ընդդիմադիր պատգամավորներով գնացել էինք դրանց առաջին նմուշներին ծանոթանալու։ Հետ եկանք, համատեղ գրություն պատրաստեցինք՝ ներկայացնելով մեր արձանագրած դիտարկումները և բացթողումները։
Մեկը վերաբերում էր հակադիվերսիոն միջոցառումների իրականացման անհրաժեշտությանը, որը կառույցի արտաքին մասում որոշակի նկատելի գործողություններ էր ենթադրում։
Ասացին՝ չենք անում, որ հակառակորդը չֆիքսի, որ այս վայրում ռազմական օբյեկտ կա։
Այդ բացատրությունը դեռ այդ ժամանակ շատ անլուրջ էր՝ հաշվի առնելով, որ հակառակորդից մի քանի կմ-ի վրա 2 տարի լայնածավալ աշխատանք էր տարվել և բնականաբար նրանց կողմից ֆիքսվել էր։
Իսկ հիմա՝ այս քարոզչական տեսանյութերի ֆոնին, առհասարակ գործընթացը զավեշտի է վերածվել։
Հանուն նախընտրական արշավի՝ հակառակորդին են մատուցվում պաշտպանական կառույցի առանձնահատկություններն ու կառուցվածքը` իմաստազրկելով գաղափարն ու հակառակորդի համար անկանխատեսելիության գործոնը», - գրել է ընդդիմադիրը։
Ավելի վաղ Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարության սոցիալական ցանցերի հարթակներում և իր անձնական էջերում ներկայացրել էր ՀՀ Զինված ուժերի պաշտպանական կառույցները:



