
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):
6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:
Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր», - նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել 2025 թվականի նոյեմբերի 16-ին: Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը մեծամասնություն է ստացել համայնքի ավագանիում: Երկրորդ տեղում է "Հաղթանակ" դաշինքը (դրանում ընդգրկված են "Առաջ" և "Դաշնակցություն" կուսակցությունները), երրորդում ՝ "Մայր Հայաստան" դաշինքը ։ Ընտրությունների ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում ՝ էլեկտրաէներգիայի անջատումներ ։ Ընտրություններից հետո "Հաղթանակ" դաշինքի երեք անդամների մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք բաժանելու համար: Նրանց, նախ, ձերբակալել են, բայց հետո ազատ են արձակել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ ։