


Արմինֆո. ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Բաքվում քննարկել է հայ բանտարկյալների ազատ արձակման հարցը: Այդ մասին հաղորդել է ԱՄՆ փոխնախագահի մամուլի քարտուղար Թեյլոր Վան Քիրքը: "Նախագահ Ալիեւը եւ փոխնախագահ Վենսը քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի նախաձեռնության հաջորդ քայլերը:
Նրանք կենտրոնացել են առևտրի և բարգավաճման, տեխնոլոգիաների և դիվանագիտական կապերի վրա, խոսել են նաև հետագա քայլերի մասին, ներառյալ պայմանագրերի կնքումը և TRIPP-ի ("Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման") համար թույլտվությունների ստացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցառումները, ինչպիսիք են բանտարկյալների ազատ արձակումը, ամերիկյան ներդրումները եւ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը", - ըստ ԶԼՄ-ների՝ հաղորդել է Քիրքը։ Այլ մանրամասներ նա չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Երևանից մեկնելլիս Վենսը լրագրողներին խոստացել էր Բաքվում հանդիպումների ժամանակ բարձրացնել հայ ռազմագերիների հարցը:
Նշենք, որ մինչ օրս հայտնի չէ ադրբեջանական բանտերում պահվող հայ ռազմագերիների և պատանդների ստույգ թիվը: Փորձագետների գնահատմամբ ՝ նրանք մի քանի հարյուր են ։ Այսօր Ադրբեջանի իշխանությունները հաստատում են իրենց մոտ 19 հայերի առկայությունը ։ Ադրբեջանական գերության մեջ պահվող անձանց թվում են նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նախկին և գործող 8 ներկայացուցիչներ․ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև խորհրդարանի խոսնակ Դավիթ Իշխանյանը, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը և նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
Բաքվի խամաճիկային դատարանը շինծու մեղադրանքներով ցմահ ազատազրկման է դատապարտել Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, իսկ Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին ՝ 20 տարվա ազատազրկման: Մնացած արցախցիներին, այսպես կոչված, դատարանը դատապարտել է մինչև 15 տարվա ազատազրկման։ Առայժմ չի հրապարակվել միայն բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ դատավճիռը, որի գործն առանձնացվել է առանձին վարույթում:



