


Արմինֆո. Վաղարշապատում ձերբակալվել է ավելի քան 10 մարդ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է Վաղարշապատի ավագանու "Հաղթանակ" դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ "Հաղթանակ" դաշինքի ներկայացուցիչների և նրանց համակիրների նկատմամբ բռնաճնշումները սկսվել են վաղ առավոտից։ "Խուզարկություններն ու ձերբակալությունները շարունակվում են։ Ստույգ տեղեկություններ չկան, քանի որ ձերբակալվածները գնալով շատանում են ։ Այս պահին նրանք արդեն տասից ավելի են։ Ընդ որում, որոշ մարդկանց ձերբակալությունները մեզ համար անհասկանալի են, քանի որ նրանք ներգրավված չեն եղել նախընտրական գործընթացներում, չեն եղել նախընտրական շտաբում, որևէ ակտիվ նախընտրական քարոզչություն չեն իրականացրել։ Կարծում եմ ՝ դա կապված է Վաղարշապատի ընտրություններից հետո "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության վախերի հետ, ըստ երեւույթին, դրանք դեռ չեն անցել", - հաղորդել է Խաչատրյանը։
Ձերբակալվածներին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ Խաչատրյանը նշել է, որ ճիշտ կլինի, որ այն մեկնաբանեն փաստաբանները՝ ծանոթանալուց հետո: Սակայն նա հաղորդել է, որ, իր տեղեկություններով, մեղադրանք է առաջադրվել, իբր, թեկնածուի կողմից իր հեղինակությունն օգտագործելու համար ՝ ընտրողներին "Հաղթանակ" դաշինքի օգտին քվեարկելու կոչ անելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ բռնաճնշումներն իրականացվում են 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ վախի մթնոլորտ ստեղծելու նպատակով։
Հիշեցնենք, որ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները տեղի են ունեցել 2025 թվականի նոյեմբերի 16-ին: Քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը համայնքի ավագանիում ստացել է մեծամասնություն: Երկրորդ տեղում "Հաղթանակ" դաշինքն է։ Հատկանշական է, որ ընտրությունների ընթացքում արձանագրվել են բազմաթիվ խախտումներ, այդ թվում ՝ էլեկտրաէներգիայի անջատումներ:



