
Արմինֆո. Դրական գնահատելով փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը՝ անթույլատրելի է նրա խոսքի դիտավորյալ խեղաթյուրումը և հայ հանրության շրջանում անհիմն սպասելիքների ձևավորումը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է իրավագետ Գոհար Մելոյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների արդյունքում շուրջ 9 մլրդ դոլարի ենթադրյալ ներդրումների մասին փոխնախագահի հայտարարությանը:
«Ցանկացած նորմալ հայ մարդու համար 9 միլիարդ դոլարի ներդրման մասին լուրը հիանալի նորություն է, կարելի է ասել՝ երազանք։ Սակայն, կարդալով ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ելույթը՝ ակնհայտ է դառնում, որ հարգարժան փոխնախագահը որևէ խոսք չի ասել Հայաստանում 9 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու մասին։
Պարոն Վենսը նշել է, որ հարթվում է ճանապարհն ամերիկյան և հայկական ընկերությունների համար՝ քաղաքացիական միջուկային նախագծերի վերաբերյալ համաձայնագրեր կնքելու նպատակով, ինչը ենթադրում է մինչև 5 միլիարդ դոլարի արտահանում ԱՄՆ-ից, ինչպես նաև 4 միլիարդ դոլարի երկարաժամկետ աջակցություն՝ պայմանագրերի միջոցով։
Այսինքն՝ ԱՄՆ փոխնախագահը խոսել է 9 միլիարդ դոլարի տնտեսական գործունեության մասին, որը իրականացվելու է ԱՄՆ-ում, այլ ոչ թե Հայաստանում կատարվելիք ներդրման մասին։
Ավելին, որևէ հստակեցում չկա այն մասին, թե ով և ինչ կերպով է վճարելու ԱՄՆ-ից մինչև 5 միլիարդ դոլարի արտահանման և 4 միլիարդ դոլարի աջակցության համար։
Ակնհայտ է, որ ՀՀ կառավարությունն ի վիճակի չէ վճարել նման գումարներ․ Հայաստանը պարզապես չունի այդպիսի միջոցներ և առաջիկա տարիներին չի էլ կարող ունենալ։
Ակնհայտ է նաև, որ ԱՄՆ կառավարությունը չի վճարելու նման արտահանման համար, քանի որ որևէ երկիր չի վճարում իր իսկ տարածքից իրականացվող արտահանման համար։
Հետևաբար, դրական գնահատելով փոխնախագահ Վենսի այսօրվա այցը՝ անթույլատրելի է նրա խոսքի դիտավորյալ խեղաթյուրումը և հայ հանրության շրջանում անհիմն սպասելիքների ձևավորումը», - ընդգծել է Մելոյանը։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում կայացած բանակցությունների արդյունքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մամուլի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում "123" համաձայնագրի շուրջ բանակցությունները, և սպասվում են շուրջ 9 մլրդ դոլարի ներդրումներ: Նա պարզաբանել էր, որ սկզբնական փուլում խոսքը 5 մլրդ դոլարի մասին է, իսկ արդեն երկրորդ փուլում ՝ եւս 4 մլրդ դոլարի ներդրում։