


Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ փետրվարի 9-10-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն։
ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն, այսօր երեկոյան տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ փոխնախագահի հետ, որից հետո նրանք հանդես կգան հայտարարություններով:
Ավելի վաղ փոխնախագահի պաշտոնական ներկայացուցիչն "Ազատություն" ռադիոկայանի վաշինգտոնյան թղթակցին հաղորդել էր, որ, հաստատված ժամանակացույցի համաձայն, Վենսը Երեւանում կլինի փետրվարի 9-ին եւ 10-ին, որից հետո կմեկնի Բաքու, որտեղ հանդիպումներ կանցկացնի փետրվարի 10-11-ը: Տարածաշրջանային շրջագայությունն ավարտելուց հետո փոխնախագահը նախատեսում է չորեքշաբթի երեկոյան վերադառնալ Վաշինգտոն:
ԱՄՆ պետքարտուղարությունից հաղորդել են, որ ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը փետրվարի 9-11-ը կուղեկցի Վենսին Հայաստան և Ադրբեջան այցերի ընթացքում: Պետդեպարտամենտում նշում են, որ նրա այցը կնպաստի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղությանն ուղղված ջանքերին և "Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման" (TRIPP) նախաձեռնության առաջխաղացմանը:
Դեռևս հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում հայտարարել էր Հայաստանի հետ "խաղաղ միջուկային համագործակցության հրաշալի համաձայնագիր" կնքելու մտադրության մասին: ԱՄՆ առաջնորդը նաև հաղորդել էր, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը փետրվարին կայցելի Հայաստան և Ադրբեջան: «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին՝ անցյալ տարվա օգոստոսին մեր կողմից ստորագրված խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար: Դա սարսափելի պատերազմ էր, ութից մեկը, որոնք ես ավարտեցի, բայց հիմա մենք ունենք բարգավաճում և խաղաղություն», - գրել էր նա:



