


Արմինֆո.ՀԱՊԿ իրավապայմանագրային բազան անդամության սառեցման ձևաչափ չի նախատեսում։ Այդ մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը "Ռոսիա-24"-ի հետ հարցազրույցում ՝ պատասխանելով կազմակերպությանը հայկական կողմի անդամության մասին հարցին։
Կոպիրկինը հիշեցրել է, որ վերջին օրերին Հայաստանի իշխանությունները հրապարակավ կրկին հայտարարել են, որ ահա այդ սառեցված կարգավիճակը չի փոխվի։ Այդ առումով նա հիշեցրել Է ՌԴ դիրքորոշումը՝ առ այն, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ։ "Ինչ վերաբերում է սառեցման ձևաչափին, ապա այն նախատեսված չէ կազմակերպության իրավապայմանագրային բազայում։ Մեր համոզմամբ ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման ինչ-որ այլընտրանքային, հուսալի մեխանիզմ չկա։ Իսկ ինչ վերաբերում է այն խնդիրներին, որոնք առաջացել են ՀԱՊԿ-ի հետ փոխգործակցության առումով, ապա, կարծում եմ, որ մենք միշտ կարող ենք ՀԱՊԿ-ի մասնակիցների շրջանում համատեղ, գործընկերաբար գտնել ինչ - որ հանգուցալուծումներ, այդ թվում ՝ փոխզիջումներ գտնել կուտակված խնդիրների շուրջ", - ասել է ռուս դիվանագետը։
Հիշեցնենք, որ Հայաստանը բոյկոտում է ՀԱՊԿ շրջանակներում անցկացվող միջոցառումները։ 2024 թվականի փետրվարին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը, գործնականում, սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ կազմակերպությունը չի կատարել իր պարտավորությունները ՀՀ-ի հանդեպ, ինչը չէր կարող անհետևանք մնալ։ 2024 թվականի սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության, նրա հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։



