
Արմինֆո. Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ավագանիների անդամներն իրավունք կստանան հետ վերցնել իրենց հրաժարականի դիմումները՝ դրանք ներկայացնելուց հետո երեք օրվա ընթացքում: Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի հանձնաժողովը փետրվարի 5-ի նիստում դրական եզրակացություն է տվել հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի ներկայացրած "Տեղական ինքնակառավարման մասին" եւ "Երեւանում տեղական ինքնակառավարման մասին"օրենքների փոփոխություններին:
Օրենսդրական նախաձեռնության հեղինակի խոսքով ՝ "Տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է այն դրույթները, որոնք վերաբերում են համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին: Նույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսվում է, որ համայնքի ղեկավարը կարող է հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը՝ երեք օրվա ընթացքում: Մինչդեռ, նույն օրենքի 70-րդ հոդվածը սահմանում է ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը վերաբերող դրույթներ, սակայն օրենսդրորեն չի կանոնակարգում նրա հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորությունը:
Նմանապես, ինչպես նշել է Ղալումյանը, "Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին" օրենքի 20-րդ հոդվածը սահմանում է Երեւանի ավագանու անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը վերաբերող դրույթներ եւ չի նախատեսում ավագանու անդամի հրաժարականի դիմումը հետ վերցնելու հնարավորություն:
"Ազգային ժողովի կանոնակարգ" սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածը սահմանում է պատգամավորի հրաժարականի կարգը:
Մասնավորապես, նույն հոդվածի 2-րդ մասում սահմանվում է պատգամավորի հրաժարականի դիմումը հետ վերցնելու կարգը: Համայնքի ղեկավարի, Ազգային ժողովի պատգամավորի և ավագանու անդամի պաշտոնները ընտրովի պետական պաշտոններ են: Իրավունքի ընդհանուր սկզբունքից ելնելով, եթե համայնքի ղեկավարը և Ազգային ժողովի պատգամավորն իրավունք ունեն հրաժարականի դիմումը ներկայացնելուց հետո հետ վերցնել, ապա ավագանու անդամը նույնպես պետք է ունենա նույն իրավունքը և նույն հնարավորությունը: Գործող օրենքներում առաջարկվող փոփոխությունները նրանց հնարավորություն կտան, ինչը թույլ կտա վերացնել երկրի գործող օրենսդրության բացը։