


Արմինֆո.Փետրվարի 2-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Օլոֆ Սկուգի գլխավորած պատվիրակությանը:
ԱԽ գրասենյակի հաղորդագրության համաձայն, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Եվրոպական միության համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, ինչպես նաև քննարկել ՀՀ-ԵՄ ընդգրկուն օրակարգի մի շարք հարցեր՝ կարևորելով Եվրոպական խաղաղության հիմնադրամի կողմից Հայաստանին աջակցության երկրորդ մասի տրամադրումը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով 20 մլն եվրո օգնություն հատկացնելուն: Նշվում է, որ այդ օգնության նպատակն է ամրապնդել ՀՀ Զինված ուժերի նյութատեխնիկական ապահովումը ՝ շեշտը դնելով ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում քաղաքացիական բնակչության պաշտպանության վրա: Այն նաև կբարձրացնի Հայաստանի կայունությունը և կարագացնի նրա զինված ուժերի օպերատիվ համատեղելիությունը միջազգային, այդ թվում ՝ ԵՄ-ի կողմից ծավալված ռազմական առաքելություններին և գործողություններին հնարավոր ապագա մասնակցության դեպքում ։



