


Արմինֆո. Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անվտանգության հարցերով Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը։
«Անվտանգության հարցերով խմբի աշխատանքների երկրորդ փուլը նախատեսված էր անցյալ կիրակի, սակայն անհրաժեշտ էր երեք կողմերի գրաֆիկների լրացուցիչ համաձայնեցում, և այժմ՝ չորեքշաբթի-հինգշաբթի օրերին, երկրորդ փուլը տեղի կունենա Աբու Դաբիում», - լրագրողներին ասել է նա։
Պեսկովն ավելի վաղ հայտարարել էր, որ բանակցությունների երկրորդ փուլը նախատեսված է փետրվարի 1-ին։
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունվարի 23-24-ը ԱՄԷ մայրաքաղաքում։
Սպիտակ տունը հայտարարել է, որ այս բանակցությունները բացառիկ նշանակություն ունեն ուկրաինական ճգնաժամի լուծման համար։ «Շաբաթավերջին տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ, որոնք լրատվամիջոցներում քիչ լուսաբանում ստացան, բայց պատմական նշանակություն ունեին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմը իսկապես միավորեց հակամարտության երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ՝ խաղաղությունը առաջ մղելու համար», - ավելի վաղ լրագրողներին ասել էր Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիթը։
Կրեմլը ձեռնպահ մնաց Աբու Դաբիում կայացած խորհրդակցությունների համար բարձր գնահատական տալուց՝ դրանք համարելով վաղաժամ։
«Ես դեռ չեմ կարող գնահատական տալ. սխալ կլինի որևէ նշանակալի արդյունք ակնկալել այս նախնական շփումներից։ Սա շատ բարդ հարց է, որի օրակարգում բարդ հարցեր են», - հունվարի 26-ին լրագրողներին ասել է Պեսկովը։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ «այն փաստը, որ այս շփումները սկսվել են կառուցողական ձևով, կարող է դրական գնահատվել»։ «Սակայն դեռևս զգալի աշխատանք կա առջևում», - հավելել է նա։



