
Արմինֆո.Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի խորհրդարանի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" և ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունների ներկայացուցչի հետ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հունվարի 29-ին Անդրեա Բարբարա Բաումանի հետ հանդիպմանը արժեւորել է Հայաստան-Շվեյցարիա սերտ համագործակցությունը:
ԱԺ հաղորդագրության համաձայն, ՔՊ խմբակցության ղեկավարը բարձր է գնահատել մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ու տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված Շվեյցարիայի Կառավարության աջակցությունը: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծին:
ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Շվեյցարիայի Համադաշնության դեսպանի հետ հանդիպմանը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերությունների զարգացումը տարբեր մակարդակներում՝ այդ առումով ընդգծելով խորհրդարանական բարեկամական խմբերի առանձնահատուկ դերը: Խմբակցության ղեկավարը երախտագիտություն է հայտնել շվեյցարական կողմին Հայաստանի համար կարեւոր եւ զգայուն հարցերում մշտապես աջակցելու համար:
Ընդգծելով, որ իրենք տարածաշրջանում խաղաղության կողմնակից են` Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, անհամաձայնություն է հայտնել մի շարք հարցերում իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության առնչությամբ: Նա դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինի պահվող եւ անհետ կորած համարվող անձանց խնդրին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի իրացմանը:
Անդրեա Բարբարա Բաումանը եւս ընդգծել է, որ խորհրդարանական համագործակցության մակարդակում եւ հարաբերությունների ընդլայնման հարցում կշարունակվեն քայլեր ձեռնարկվել: Դեսպանն ընդգծել է, որ իրենք աջակցում են խաղաղության գործընթացին եւ ներկայացրել իր երկրի կառավարության դիրքորոշումը, ըստ որի՝ պետք է պաշտպանել Հայաստանի եւ Ադրբեջանի ինքնիշխանությունը միջազգային իրավունքի շրջանակում:
Մտքեր են փոխանակվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական գործընթացների, առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների, Ադրբեջանում պահվող անձանց վերադարձի, Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների ու արտաքին եւ ներքին մի շարք մարտահրավերների շուրջ:
Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ հանդիպել է նաեւ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: Խմբակցության քարտուղարը կարեւորել է Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ խորհրդարանական մակարդակում եւ տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում վերջին զարգացումներին առնչվող հարցեր:
Տիգրան Աբրահամյանն իր դիտարկումներն է ներկայացրել Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ, խոսել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներից, կարեւորել Ադրբեջանում պահվող անձանց վերադարձը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպանը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցությունը: Անդրեա Բարբարա Բաումանը նշել է, որ Շվեյցարիայի կառավարությունն աջակցում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացին: