


Արմինֆո. Աբու Դաբիում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները լավ են անցել, կողմերը քննարկել են բոլոր վիճելի հարցերը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաներին։
«Ամեն ինչ ընթացել է այնքան լավ, որքան հնարավոր էր։ Մենք գոհ ենք իրավիճակից այս պահին», - ասել է աղբյուրներից մեկը։
Axios-ի փոխանցմամբ՝ «մենք կարողացել ենք քննարկել բոլոր թեմաները։ Կողմերից ոչ մեկը չի խուսափել որևէ խնդրից (...): Մենք զգացել ենք, որ կողմերը հարգում են միմյանց և իսկապես փնտրում են լուծումներ»։ Մասնավորապես, աղբյուրի փոխանցմամբ, պատվիրակությունները քննարկել են Դոնբասը, Զապորոժյեի ատոմակայանը և լարվածության թուլացման միջոցառումները, որոնք անհրաժեշտ կլինեն հակամարտության ավարտից հետո։
Axios-ի աղբյուրը ենթադրել է, որ եթե Աբու Դաբիում բանակցությունների հաջորդ փուլը առաջընթաց արձանագրի, հետագա հանդիպումները կարող են անցկացվել Մոսկվայում կամ Կիևում։ Աղբյուրներից մեկը նաև գնահատել է, որ «մենք մոտ ենք Պուտինի և Զելենսկու միջև հնարավոր հանդիպմանը»։
Բանակցությունները նախատեսվում է շարունակել հաջորդ շաբաթ։ (INTERFAX)



