
Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի միջազգային համաժողովի շրջանակներում մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարատնամի հետ։ Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը Սինգապուրի նախագահին ներկայացրել է Հարավային Կովկասում առկա անվտանգային և քաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանը, ինչպես նաև Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի ընթացքին և դրա շուրջ Հայաստանի մոտեցումներին։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Սինգապուրի միջև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։ Այս համատեքստում շեշտվել է երկկողմ գործակցության ընդլայնման ներուժը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում՝ հաշվի առնելով Հայաստանի արագ զարգացող տեխնոլոգիական համակարգը և այդ ոլորտում առկա միջազգային գործընկերությունները, այդ թվում՝ «NVIDIA» ընկերության հետ արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը կարևորել են տնտեսական, ներդրումային և նորարարական նախաձեռնությունների խթանումը, փորձի փոխանակումը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավմամբ համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցների շրջանակներում ընդհանուր գործակցության ուղիների որոնմանն ու խորացմանը։
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ընկերության գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչի հետ Վահագն Խաչատուրյանի հանդիպման ընթացքում բարձր է գնահատվել «Կոկա-Կոլա» ընկերության և Հայաստանի միջև շուրջ երեք տասնամյակ ձևավորված արդյունավետ և կայուն համագործակցությունը՝ ընդգծելով դրա նշանակալի ներդրումը երկրի տնտեսության, աշխատատեղերի ստեղծման և սոցիալական պատասխանատվության նախաձեռնությունների իրականացման գործում։ Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են փոխգործակցության հետագա ընդլայնման հնարավորությունները՝ մասնավորապես արտադրության զարգացման, նոր ներդրումային ծրագրերի, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանն ու կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։
Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում կայանալիք ՄԱԿ-ի կենսաբազմազանության պահպանության COP-17 համաժողովին, դրա միջազգային կարևորությանը և Հայաստանի դերին գլոբալ բնապահպանական օրակարգում։ Կողմերը կարևորել են մասնավոր հատվածի ներգրավվածությունը նման հարթակներում և բնապահպանական պատասխանատու գործելակերպի խթանումը։ Հանդիպման ավարտին երկուստեք շեշտվել է առկա պատրաստակամությունը շարունակելու և խորացնելու Հայաստանի և «Կոկա-Կոլա» ընկերության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։