


Արմինֆո. Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը Բաքվում քննարկել են Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ն, զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության ապահովման ուղղությամբ ձեռնարկվող դիվանագիտական ջանքերին և վստահության ամրապնդման միջոցներին, 2025թ.օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածություններին և խաղաղության հեռանկարներին:
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ, քննարկել գործընկերության շրջանակներում Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության օրակարգը, գործընկերության մեխանիզմների շրջանակներում աշխատանքը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցեր:
Զրուցակիցներն ընդգծել են, որ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև գործող գործընկերության շրջանակներում երկխոսությունը դրական ներդրում ունի տարածաշրջանային անվտանգության գործում: Քննարկվել են Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության հնարավորությունները ականազերծման, կիբեռանվտանգության և այլ ուղղություններով:
Բարձր է գնահատվել ՆԱՏՕ-ի խաղաղությանն աջակցող գործողություններին և առաքելություններին Ադրբեջանի մասնակցության փորձը, Աֆղանստանում ընթացող գործընթացներին սերտ աջակցությունը, պաշտպանական ոլորտի բարեփոխումները և կայունության ապահովմանն ուղղված աշխատանքները: Գոհունակությամբ նշվել է անցյալ տարվա նոյեմբերին ՆԱՏՕ-ի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների այցն Ադրբեջան:



