


Արմինֆո.ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ՝ ադրբեջանական պետության ղեկավար Իլհամ Ալիևին ուղղված հայտարարությունը խղճուկ տեսարան էր։ Այդ մասին իր տեսաուղերձում հայտարարել է Ազգային ժողովի ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նրա ասելով՝ Դավոսի միջազգային համաժողովի շրջանակներում "այսպես կոչված՝ ՀՀ նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնում Ալիևին քաղաքական կամքի դրսևորման, խաղաղության ձգտման համար"։ "Ես չէի կարող չարձագանքել այդ խղճուկ և նվաստացուցիչ տեսարանին։ Պարոն Խաչատուրյան, ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում Ալիևին: Հինգ հազար զոհի, թե՞ 12 հազար հաշմանդամի համար։ Ուզում եմ հասկանալ․ ինչի՞ համար եք այդքան շնորհակալ Ալիևին։ Գուցե Արցախը հայաթափելու՞, կամ 150 հազար հայի հայրենազրկելու՞ համար։ Իսկ գուցե Հայաստանի 200 քառ. կմ տարածքի օկուպացմա՞ն համար։ Ի վերջո, որքա՞ն կարելի է: Ո՞րն է Ալիևին ծառայելու ձեր մոտիվացիան",- հարցեր է տվել ընդդիմադիրը։
Նա հավելել է, որ այդ ամենը մի բացատրություն ունի, այն է․ Հայաստանում գործող ռեժիմը Բաքվի դրածոն է եւ ամբողջությամբ սպասարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերը։ "Այլ բացատրություն, պարզապես, գոյություն չունի։ Այլապես ինչպե՞ս կարելի է բացատրել, որ Հայաստանում գործող ռեժիմը, միջազգային բոլոր հարթակներում և արտասահմանյան գործընկերների հետ հանդիպումների ժամանակ Ալիեւին ներկայացնում է խաղաղարար, խաղաղության ձգտող, ով անընդհատ խոսում է Հայաստանի ու հայ ժողովրդի մասին՝ որպես ագրեսորի։ Ինչու՞ է ռեժիմը շատ ջանասիրաբար լվանում Ալիևի արյան մեջ թաթախված ձեռքերը ՝ դրանով իսկ լեգիտիմացնելով Ադրբեջանի գործողությունները Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Պատասխանը միանշանակ է․ նրանք արդեն վաղուց սպասարկում են այլ երկրների շահերը", - ամփոփել է ընդդիմադիրը։



