


Արմինֆո. Հայաստանի Արտաքին հետախուզության ծառայության զեկույցը շարադրություն է՝ ազատ թեմայով։ Այդ մասին հունվարի 22-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Մասնավորապես, ինչպես նշել է խորհրդարանականը, Թուրքիան, որը 35 տարի շրջափակման մեջ է պահում Հայաստանը, իսկ նրա բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հանդես են գալիս Երեւանի հասցեին կոշտ հայտարարություններով, երկիր, որտեղ, ըստ սոցհարցումների, տեղի բնակչությունը Հայաստանն ու հայերին համարում է թշնամի, այդ զեկույցում հիշատակվում է ընդամենը երեք անգամ, այն էլ՝ կոմունիկացիաների համատեքստում: Մինչդեռ, ԱՀԾ զեկույցում գրեթե ոչինչ չի ասվում Թուրքիայի կողմից հնարավոր սպառնալիքների մասին։ Փոխարենը՝ հոգևորականներին և մշակույթի գործիչներին դիտարկում են որպես սպառնալիք ։ "Ես՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր և պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ, ուղղակի ամաչում եմ, որ ԱՀԾ-ը պատրաստում է զեկույց, որը հիշեցնում է ազատ թեմայով շարադրություն ", - նշել է Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ ԱՀԾ զեկույցում կան "հիբրիդային սպառնալիքներին" վերաբերող դրույթներ։ Փաստաթղթում մշակույթի և հոգեւոր ոլորտի որոշ գործիչների ակտիվությունը, որոնք կարող են լինել "ազդեցության գործակալներ", հիշատակվել է հնարավոր ռիսկերի համատեքստում։



