


Արմինֆո.ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստեղծվող "Խաղաղության խորհրդին" մասնակցելու համար անհրաժեշտ 1 մլրդ դոլարի հարցը լրացուցիչ քննարկումներ է պահանջում։ Այդ մասին հունվարի 20-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալ Գազայի հարցով "Խաղաղության խորհրդին": Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի հավաստմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդունել է հրավերը: Ինչպես հաղորդում Է Bloomberg գործակալությունը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը խնդրում է այն երկրներին, որոնք ցանկանում են մշտական տեղ ստանալ "Խաղաղության խորհրդում", ներդնել առնվազն 1 մլրդ դոլար:
Այդ առնչությամբ Խանդանյանը նշել է, որ պետք է հասկանալ, թե ինչ այլ պարտավորություններ են դրվելու պետությունների վրա ՝ ելնելով կանոնադրական պահանջներից: Բայց, ամեն դեպքում, ինչպես շարունակել է խորհրդարանականը, շատ կարեւոր է, որ Հայաստանը ստացել է խորհրդին միանալու հրավեր։ Նախորդ տարի Թրամփի նախագահությամբ Եգիպտոսում տեղի է ունեցել խաղաղության համաժողով, որին մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ էության, նոր հրավերը նախորդ գործընթացի շարունակությունն է։
Ինչ վերաբերում է 1 մլրդ դոլարի ներդրմանը, ապա, ըստ հանձնաժողովի ղեկավարի, կարեւոր է հասկանալ, թե արդյոք երկրի պետբյուջեն նման հնարավորություն ունի:



