


Արմինֆո. Հայաստանի պետական և համայնքային իշխանության մարմիններում կներդրվի կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ: Ազգային ժողովը հունվարի 19-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկում է "Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին"օրենքում փոփոխությունների նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի ասելով՝ նախագծի ընդունման դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կստանա լրացուցիչ գործառույթ՝ կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն իրականացնել օրենքում նշված կազմակերպություններում և տրամադրել իրավասու մարմիններին առաջարկություններ՝ կոռուպցիոն ռիսկերի կանխման տեսանկյունից: Նախագծով առաջարկվում է հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև առողջապահության, սոցիալական պաշտպանության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում գործունեություն իրականացնող կազմակերպություններում ներդնել կոռուպցիոն ռիսկերի գնահատման համակարգ: Նաև հանձնաժողովի ուշադրության կենտրոնում կլինեն փորձաքննության, կառուցապատման կամ ներդրումային ծրագրերի ապահովման ոլորտտներում, կամ պետական եւ համայնքային ոչ առեւտրային կազմակերպություններում առկա ռիսկերը, որոնք վերջին երեք տարիիներին սուբսիդիաներ կամ դրամաշնորհներ են ստացել պետական բյուջեից, պետական հիմնադրամներում, ինչպես նաև այն ընկերություններում առկա ռիսկերը, որոնցում պետությունը կամ համայնքը տիրապետում 50 տոկոս և ավելի բաժնետոմսերի։



