


Արմինֆո. Քննչական մարմինը միջնորդություն է ներկայացրել «Տաշիր» ԸԽ ղեկավար Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու մասին: Հարցը քննվելու է Հակակոռուպցիոն դատարանում՝ այսօր ժամը 16:00-ին։ Այդ մասին հաղորդել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
«Հարգելի գործընկերներ, 2025 հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը դեկտեմբերի 30-ին փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:
Ինչպես հայտնել էինք Դատախազությունն առաջին աշխատանքային օրը` հունվարի 5-ին մուտքագրել էր վերաքննիչ բողոք Սամվել Կարապետյանի կալանքի ակնհայտ ապօրինի պահանջով: Վերաքննիչ դատարանը հունվարի 12-ին վարույթ ընդունելով դատախազի և մեր բողոքները որոշման հրապարակման օր է սահմանվել հունվարի 16-ը: Միաժամանակ քննչական մարմինը ներկայացրել է տնային կալանքի երկարաձգման միջնորդություն (օրենքի ուժով այլ միջնորդությամբ չեն կարող հանդես գալ), որով նիստը նշանակվել է կրկին այսօր Հակակոռուպցիոն դատարանում` 16:00-ին: Սիրելի հայրենակիցներ, այսօրվա դատական նիստին Սամվել Կարապետյանը չի մասնակցելու», - գրել է փաստաբանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Հիշեցնենք, որ գործարարը ձերբակալվել էր նախորդ տարվա հունիսի 18-ին իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից, իսկ ավելի ուշ դատարանը նրան կալանավորել էր Հայ Առաքելական Եկեղեցուն սատարելու պատճառով՝ սահմանադրական կարգը տապալելու կոչեր անելու մեղադրանքով: Հատկանշական է, որ Կարապետյանի ձերբակալությանը նախորդել էին նրա հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալից գրառումները, որոնք իրավաբանները գնահատում են որպես հետաքննությանն ու իրավապահ գործունեությանը ուղղակի միջամտության փորձ: Կարապետյանի կալանավորումից հետո իշխանությունները Կարապետյանների ընտանիքից, փաստացի, խլել են "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ընկերության կառավարման գործառույթները ՝ կառավարիչ նշանակելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ Ռոմանոս Պետրոսյանին։ Ավելի ուշ Կարապետյանի մեղադրանքը լրացվել էր փողերի լվացման հետ կապված նոր հոդվածով, սակայն դատարանը անհիմն է համարել այդ մեղադրանքը:



