
Արմինֆո. Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:
«Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։ TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։
Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։
Վստահաբար, սա կներկայացվի որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։
Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է.
"Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն"։ Առանցքային բառն այստեղ "կենտրոնն" է։
Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք֊ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական֊տարածքային էքսպանսիայի իրականացմանը։
Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP֊ը նպաստելու է Իրանի նկատմամբ "անակոնդայի մեթոդի" կիրառմանը, ինչը "Բեն Գուրիոնի ջրանցք" ու "Դավթի միջանցք" նախագծերի հետ մեկտեղ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ», - ընդգծել է Վահե Դավթյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների հրապարակած հայտարարության համաձայն, Երևանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի կառավարումը կփոխանցի Վաշինգտոնին՝ 49 տարի նախնական ժամկետով։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ԹՐԻՓՓ-ը պետք է իրականացվի Հայաստանի տարածքում նախատեսված տարանցման ուղիների շրջանակներում՝ ապագայում հստակեցվելիք տեղադիրքերում՝ պահպանելով Հայաստանի լիակատար ինքնիշխանությունը Հայաստանի ինքնիշխան տարածքում ծրագրի ողջ ծածկույթի նկատմամբ։
«ԹՐԻՓՓ զարգացման ընկերությունն` ԱՄՆ վերահսկիչ բաժնեմասով և սկզբունքային հարցերում Հայաստանի վերահսկողությամբ, նպատակ ունի ապահովել ԹՐԻՓՓ ենթակառուցվածքների զարգացումն ու իրականացումը։
Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%», - ասվում է Հայաստանի ԱԳՆ հրապարակած փաստաթղթում։ Նաեւ նշվում է, որ այդ փաստաթուղթը նոր քայլ է 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերված հանձնառությունների կյանքի կոչման ուղղությամբ՝ Հարավային Կովկասում հարատև խաղաղության գործին նպաստելու համար։