


Արմինֆո. Ամերիկայի Միացյալ Նահանգները 25 տոկոս մաքսատուրք կսահմանի բոլոր այն երկրների համար, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Այդ մասին հաղորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցցանցի իր էջում։
Նա ընդգծել է, որ Իրանի հետ համագործակցող ցանկացած պետություն 25 տոկոսի չափով տուրք է վճարելու ԱՄՆ-ի հետ իրականացվող բոլոր գործարքների համար։ Թրամփը հավելել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերանայման ենթակա չէ:
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հակվում է Իրանին հարվածներ հասցնելուն՝ որպես ռեժիմի նկատմամբ պատժամիջոց՝ ցուցարարների սպանության համար, սակայն դա նրա վերջնական որոշումը չէ, եւ դիտարկվում են այլ տարբերակներ։
Իր հերթին՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլին Լևիտը հայտարարել է, որ ավիահարվածները Թրամփի կողմից Իրանի հարցում դիտարկվող բազմաթիվ տարբերակներից միայն մեկն են, դիվանագիտությունը նրա համար միշտ առաջնային է: "Այն, ինչ դուք հրապարակավ լսում եք իրանական ռեժիմից, շատ տարբեր է այն հաղորդագրություններից, որոնք վարչակազմը ստանում է մասնավոր կարգով: Թրամփը շահագրգռված է այդ հաղորդագրությունների ուսումնասիրմամբ", - նշել է նա։



