


Արմինֆո. Վերաքննիչ քրեական դատարանը (նախագահությամբ Վաչե Մարգարյանի) մերժել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը և Սրբազանին թողել կալանքի տակ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը:
«Դե իհարկե սա ամենևին անսպասելի չէր։ Հատկանշական է, որ անսպասելի չէր անգամ այն պայմաններում, երբ դատախազի կողմից քրեական հետապնդում հարուցելու մասին կայացված որոշմանը ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ որևէ հանցանք չի կատարվել։ Անգամ այն պայմաններում, եթե այդ որոշմամբ նկարագրված արարքները օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցած լինեին (սա բացառվում է, չի եղել), ապա հենց այդ պայմաններում ակնհայտ է, որ հանցավոր արարք չի կատարվել», - նշել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին դատարանի որոշմամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կալանավորվել էր երկու ամիս ժամկետով: Նա ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին ՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործով ։ Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանի խոսքով ՝ իր պաշտպանյալը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2018 թվականին, իբր վարկաբեկելու նպատակով, իր ծառայողին հրահանգել է Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակի մեջ թմրանյութ դնել: Փաստաբանն անհեթեթ է համարել այս մեղադրանքը, ընդգծելով, որ քննությունը Արշակ արքեպիսկոպոսին նման մեղադրանք առաջադրելով փորձում է վարկաբեկել նրան հանրության աչքին:



