


Արմինֆո.ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը նամակներ է հղել ԵԱՀԿ ԽՎ փոխնախագահ, տարածաշրջանի զեկուցող Լուիշ Գրացիային և ԵԱՀԿ ԽՎ Մարդու իրավունքների հարցերով զեկուցող Կարինա Օդեբրինքին, որտեղ ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության եւ բռնաճնշումների ներկա պատկերը:
Ինչպես տեղեկացրել է Գալստյանը Facebook-ի իր էջում, կից ներկայացրել է երկու զեկույց և մեկ հայտարարություն՝ ժողովրդավարության վիճակի և վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած քաղաքական բռնաճնշումների վերաբերյալ։
«1․ ACPR-ի /Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն/ զեկույցը, որը մանրամասն վերլուծում է 2025 թվականի մայիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների չորս հիմնական դրվագները՝ 1. Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի դեմ արշավը և նրա ձերբակալությունը։ 2. «Սրբազան պայքարի» շարժման անդամների ձերբակալությունները։ 3. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալությունը։ 4. ՀՅԴ անդամների ձերբակալությունները։ Զեկույցում նաև նշվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ), ինչպես նաև քաղաքական գործիչների, բլոգերների, մարդու իրավունքների պաշտպանների դեմ սկսված լայնածավալ արշավը։
2․«Հայաստան. ժողովրդավարության դիտարկում»՝ CivilNet-ի և «Տարածաշրջանային ժողովրդավարության և անվտանգության կենտրոն»-ի համատեղ զեկույցը, որը ներառում է իշխանությունների կողմից իրականացված խախտումների լայն շրջանակ:
3․ ՀԿ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հայտարարությունը Հայաստանում բռնաճնշումների առնչությամբ։
https://drive.google.com/.../1cF8bcqCOAgPDCaK9Oa.../view
https://www.azatutyun.am/a/33618509.html
Հ․Գ Երկու զեկուցողների հետ մշտական կապի մեջ եմ և պարբերաբար զեկույցներ եմ փոխանցում», - գրել է Գալստյանը։



