


Արմինֆո. Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում հունվարի 8-ի դրությամբ հավաստագիր է ստացել 4066 ընտանիք, որից 1768֊ն արդեն իրացրել է հավաստագիրը։ Այդ մասին ասվում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում։
Աղբյուրը հիշեցնում է, որ միջոցառումն իրականացվում է աջակցության հետևյալ եղանակներից որևէ մեկի ձևով․ բնակարանի (կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի) կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում; անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում; գործող հիփոթեքային վարկի մարման աջակցություն։
«Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 3-ից 5 մլն դրամի շրջանակում։ Միջոցառման շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, ովքեր՝ տեղահանվել են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո, ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, չունեն սեփականություն, չեն հանդիսանում Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար բնակարանային մատչելիության ապահովման և Սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու։ Դիմումներն ընդունվում են https://housing.socservice.am/ հարթակում», - ասվում է հաղորդագրությունում։



