


Արմինֆո. Իսրայելից և ԱՄՆ-ից սնվող մի խումբ ծախու անձինք փորձում են ցնցել իրավիճակը Իրանում, սակայն իրանական բանակը կասեցնում է նման փորձերը: Այդ մասին ԱրմԻնֆո-ի հետ զրույցում հաղորդել է իրանցի լրագրող միջազգայնագետ Հայալ Մուազինը:
Ինչպես պատմել է լրագրողը, երկրի բանակը կասեցնում է երկրում անկարգություններ հրահրելու փորձերը: "Մի խումբ ծախու մարդիկ, ովքեր ցուցումներ են ստանում ԱՄՆ-ից և Իսրայելից, ցանկանում են անկարգություններ ստեղծել երկրում, սակայն բանակը թույլ չի տալիս դա անել։ Գործող իշխանությունների և Իրանի Իսլամական Հանրապետության կողմնակիցները դուրս են գալիս փողոց և իրենց աջակցությունն են հայտնում երկրի գերագույն առաջնորդին և իշխանություններին", - հավելել է նա:
Միևնույն ժամանակ, Մուազինը հավելել է, որ"սիոնիստական ռեժիմը և ամերիկյան իմպերիալիստները պատմության ողջ ընթացքում խայտառակ պարտություններ են կրել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ իրենց անխոհեմ և արկածախնդիր քայլերի պատճառով": "Ներկայիս բողոքի ակցիաներն անխուսափելիորեն կհանգեցնեն երկրի ներսում նրանց ուժի հետագա թուլացմանը", - հավելել է իրանցի լրագրողը:
Հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում են տեղեկություններն այն մասին, որ ցուցարարները վերահսկողություն են հաստատել Աբդանան քաղաքի նկատմամբ, Մուազինը պատասխանել է, որ առայժմ պաշտոնական հաստատում չկա այդ հաղորդագրությունների վերաբերյալ: Ավելին, նրա խոսքով, ԻՀՊԿ-ի զորքերն արդեն դիրքեր են գրավել այդ քաղաքում։
Նշենք, որ Իրանում բողոքի ցույցեր են սկսվել դեկտեմբերի 28-ին՝ ռեալի փլուզումից և երկրում սննդամթերքի գների բարձրացումից հետո: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ ցույցերն արդեն ընդգրկել են երկրի ավելի քան 90 քաղաք, ավելի քան 1000 ցուցարար ձերբակալվել է, 36 մարդ զոհվել է:



