
Արմինֆո. Կովկասյան տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը նպատակաուղղված է խաղաղության պահպանմանը և այլ պետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի ապահովմանը: Ըստ Mehr-ի՝ այդ մասին հայտարարել է Վրաստանում Իրանի դեսպան Մահմուդ Ադիբը՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը՝ երկրում իր առաքելության ավարտի կապակցությամբ։
Նշվում է, որ Պապուաշվիլին բարձր է գնահատել Մահմուդ Ադիբի վաստակը Վրաստանում իր առաքելության ընթացքում՝ իրանավրացական հարաբերությունների զարգացման գործում: "Մենք գիտենք հարաբերությունների ամրապնդմանն ուղղված ձեր արժեքավոր ջանքերի մասին։ Մենք ուրախ ենք, որ Հարավային Կովկասում վերջին լարվածության ժամանակ դուք, որպես Իրանի դեսպան, լավ եք կառավարել հարաբերությունները", - ասել Է Վրաստանի խորհրդարանի խոսնակը։
Պապուաշվիլին հավելել է, որ Վրաստանի քաղաքականությունը տարածաշրջանում ուղղված է խաղաղությանն ու կայունությանը:
"Մենք հույս ունենք, որ անվտանգության հաստատման շնորհիվ Իրանի հետ համագործակցության հիմքն ավելի ապահով կլինի, քան երբևէ։ Երկու երկրների ժողովուրդներն ունեն քաղաքակրթական և մշակութային հարուստ ժառանգություն, և այս պատմությունը համամարդկային արժեքների ամրապնդման հսկայական ներուժ ունի: Ի տարբերություն որոշ երկրների՝ իրանցիներն ապացուցել են իրենց հասունությունը, որն անհրաժեշտ է ճգնաժամերը հաղթահարելու համար",- ասել է նա։
Իր հերթին՝ Իրանի դեսպանը նույնպես բարձր է գնահատել Վրաստանի խորհրդարանի խոսնակի տեսակետը և Կովկասում Իրանի քաղաքականությունը համարել է խաղաղության պահպանմանն ու տարածքային ամբողջականության հարգմանն ուղղված: Ադիբը կարեւորել է խորհրդարանների դերը շահերի համախմբման գործում եւ վիզային ռեժիմի վերացումը համարել է երկու կողմերի կամքի դրսեւորում: Նա ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության զարգացման եւ բարեկամական պատվիրակությունների փոխանակման կարեւորությունը եւ, վկայակոչելով Վրաստանի ներգաղթի օրենսդրությունը, կոչ է արել պահպանել իրանցիների պատիվն ու արժանապատվությունն այդ երկրում: