


Արմինֆո. ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանում չի փոխվի՝ դեսպան Քրիստինա Քվինի մեկնումից հետո։ Այդ մասին ասվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունում։
ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունում հաստատել են, որ դեսպան Քվինը հունվարի կեսերին կավարտի իր առաքելությունը Հայաստանի Հանրապետությունում՝ երեք տարի պաշտոնավարելուց հետո:
Նաեւ ընդգծվում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ է մնում Հայաստանի հետ գործընկերությանը և անհամբերությամբ սպասում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացմանը, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում պատմական խաղաղության գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված երկկողմ համաձայնագրերի կատարմանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ ԱՄՆ վարչակազմը հետ է կանչում մոտ երեք տասնյակ երկրներում, այդ թվում ՝ Հայաստանում իրենց դեսպաններին։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, մեկնաբանելով այդ նորությունը, արձանագրել է, որ Քվինը Հայաստան է ժամանել 2023 թվականի փետրվարին։ Նրա ասելով, հաշվի առնելով, որ ԱՄՆ դեսպանները դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում նշանակվում են երեք տարի ժամկետով, ստացվում է, որ Քվինը հետ կկանչվի իր առաքելության ավարտի ժամկետից ընդամենը մեկ ամիս շուտ:



