
Արմինֆո. Պատերազմական բազմաթիվ հանցագործություններով և 2023թ․ Արցախի էթնիկ զտման արդյունքում հաստատված այսօրվա կեղծ խաղաղության հիմքով հայ ժողովրդին ադրբեջանական ապրանքներ սպառել ստիպելը հայ ժողովրդի հոգեբանական զգոնությունը բթացնելու եւ ազգային արժանապատվությունը ոտնահարելու գործողություն է։ Այդ մասին ասվում է Ազգային-ժողովրդավարական բևեռի (ԱԺԲ) խորհրդի հայտարարությունում։
«Թուրքերին ծառայող երևանյան վարչակազմի ձեռամբ իրականացվող այս հրեշավոր քայլը այն նույն շղթայի մաս է, ինչ եւ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հարձակումը և միտված է ջնջելու հայությունը որպես պետական, հոգևոր ամբողջություն։
Հայաստանում ժողովրդի իշխանությունը զավթած կոլաբորացիոն կառավարության կողմից ադրբեջանական բենզինի գնման կազմակերպումը և դրա շարունակական ներմուծման համար տրանսպորտային երթուղիների գլխապատառ փնտրտուքը կարճաժամկետ հեռանկարում նպատակ ունի ապահովել Ալիևի ենթակա դարձած Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը՝ խաղաղության և տնտեսական համագործակցության պատրանքների բեմականացմամբ։
Այս «օպերացիան» ադրբեջանա-թուրքական տանդեմի համար միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում Հայաստանը կլանելու քաղաքականության մաս է, ինչի արդյունքում բնականաբար ոչ մեկը չի նպատակադրել Հայաստանը հանել շրջափակումից և տնտեսապես հզորացնել։
Ազգային-Ժողովրդավարական Բևեռը շարունակելու է Հայաստանում և արտերկրում դիմադրել Նիկոլ Փաշինյանի կոլաբորացիոն կառավարության հակահայկական քայլերին», - ընդգծվում է ԱԺԲ խորհրդի հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված առաջին գնացքը: Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 28-ին Գաբալայում երկու երկրների փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որի համաձայն, Հայաստանին է մատակարարվել 22 վագոն բենզին։ Շատ փորձագետներ հակված են կարծելու, որ նման քայլն ուղղված է ոչ թե ապրանքների տարանցման շրջափակումը վերացնելուն, այլ՝ երկրների միջև խաղաղության ձեռք բերման ցուցադրությանը՝ 2026 թվականին Հայաստանում կայանալիք ընտրություններին ընդառաջ։