
Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարությունը նախազգուշացնում է․ կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է։ Վարակի հիմնական աղբյուրներն են շները, կատուները, աղվեսները, գայլերը, ոզնիները, չղջիկները։
Նախարարությունը հիշեցնում է, որ վարակումը հնարավոր է հիվանդ կենդանու կողմից՝ կծելու, ճանկռելու, վնասված մաշկը թքոտելու միջոցով։ Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը կարող է տատանվել 1 շաբաթից մինչև 1 տարի և պայմանավորված է վնասվածքի/կծվածի տեղակայմամբ և ծանրությամբ։
Կենդանուց տուժելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես լվանալ վերքը օճառով և հոսող ջրով։ Անհրաժեշտ է ընտանի կենդանիներին պատվաստել կատաղության դեմ; զերծ մնալ թափառող և վայրի կենդանիների հետ շփումից։
Կարևոր է իմանալ, որ կատաղությունը առանձնահատուկ բուժում չունի։ Կանխարգելիչ պատվաստումները համարվում են նաև բուժում։ Կենդանուց տուժելու ցանկացած դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության՝ հակակատաղության կանխարգելիչ պատվաստումներ ստանալու համար։
«Կատաղության դեմ կանխարգելիչ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում անկախ հաշվառումից և քաղաքացիությունից, անվճար հիմունքներով։ Ոչ աշխատանքային օրերին և ժամերին Երևանում կարող եք դիմել հետևյալ բժշկական կենտրոններ. երեխաների համար՝ «Արաբկիր» բժշկական համալիր, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն, «Մուրացան» հիվանդանոցային համալիր: Մեծահասակների համար՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, «Էրեբունի» բժշկական կենտրոն, «Աստղիկ» բժշկական կենտրոն, «Շենգավիթ» բժշկական կենտրոն:
Մարզային բժշկական կենտրոններն ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութերով: Պատվաստումները կարող են իրականացվել սահմանված կարգով թե ամբուլատոր, թե ստացիոնար բժշկական կենտրոններում, իսկ ոչ աշխատանքային օրերին` ստացիոնար բժշկական կենտրոններում», - ասվում է հաղորդագրությւոնում: