


Արմինֆո. Անհրաժեշտ է առաջիկայում իրականացնել Նախիջևանով նախատեսված էներգետիկ միջանցքը և ամրապնդել ադրբեջանաթուրքական էներգետիկ դաշինքը։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը՝ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տնտեսական համագործակցության կառավարական համատեղ հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ։
Յըլմազը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից "Բաքու-Թբիլիսի-Ջեյհան" նավթամուղի և "Բաքու-Թբիլիսի-Էրզրում" գազատարի նախագծերում դրված հիմքերն այսօր դարձել են Եվրոպայի էներգետիկ անվտանգության երաշխիքը՝ TANAP-ի շնորհիվ:
"Սակայն մեր տեսլականը չի կարող սահմանափակվել միայն խողովակաշարերով նավթի եւ գազի փոխադրմամբ։ Մենք տարանցիկ երկիր չենք, որը Կասպից ծովի ռեսուրսները հասցնի Արևմուտք, մենք ռազմավարական կենտրոններ ենք, որտեղ կառավարվում է էներգիան, և ապահովվում է էներգետիկ անվտանգությունը։ Այդ առումով էներգետիկայի ոլորտում մեր համագործակցությունը պետք է դիվերսիֆիկացնել՝ ընդգրկելով նաեւ էներգիայի վերականգնվող աղբյուրները, իսկ Նախիջեւանով նախատեսված էներգետիկ միջանցքը պետք է իրագործվի մոտ ժամանակներս ՝ մեր էներգետիկ միության ամրապնդման համար", - ըստ APA-ի՝ հավելել է թուրք պաշտոնյան:
Յըլմազը նաև նշել է, որ Միջին միջանցքը, որը կոչվում է "21-րդ դարի Մետաքսի ճանապարհ", Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններում այսօր կենսական կարեւոր նշանակություն է ձեռք բերել՝ ինչպես երբեք նախկինում:
"Հայացքներն ուղղված են Կասպից ծովով անցնող Միջին միջանցքին։ Սակայն այդ ներուժը լոգիստիկ հնարավորության վերածելը մեր ձեռքերում է: Այսպիսով՝ դրվելու են ժամանակակից Մետաքսի ճանապարհի հիմքերը։ Չինաստանի մեծ պատից մինչև Եվրոպա առևտրի ճակատագիրը ձևավորվելու է Թուրքիայի և Ադրբեջանի անսասան դաշինքի շնորհիվ",- ամփոփել է նա։



