


Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ: Դեսպանի տեսաուղերձը հրապարակվել է Երևանում ՄԹ դեսպանատան Facebook-յան էջում:
"Շնորհավոր Նոր տարի։ Տարվա այս ժամանակ մենք սովորաբար մտածում ենք այն մասին, թե ինչ ենք արել եւ ինչ ենք ուզում միասին շարունակել անել գալիք տարում", - նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանը և Միացյալ Թագավորությունը կարևոր քայլ են կատարել ՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով մինչեւ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դիվանագետը հիշեցրել է նաև ՀՀ-ում ՄԹ դեսպանատանը պաշտպանական բաժնի բացման մասին:
"Այս տարի նաև նախարարական այցեր ունեցանք, ինչն էլ ավելի խորացրեց մեր համագործակցությունը։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգությանը, նրա տնտեսական զարգացմանը և ներուժի մեծացմանը կրթության, բիզնեսի, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում: Մեծ Բրիտանիան համագործակցում է Հայաստանի կառավարության հետ ՝ նախապատրաստվելու հաջորդ տարվա առանցքային իրադարձություններին, այդ թվում ՝ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը, խորհրդարանական ընտրություններին եւ COP17 - ին", - հայտարարել է Ալեքսանդրա Քոուլը։
Դեսպանը 2026 թվականը շատ ակտիվ է համարել, և Մեծ Բրիտանիան պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ ՝ հանուն խաղաղության, կայունության և բարգավաճման:
"Մաղթում եմ ձեզ խաղաղ և երջանիկ տոներ և հաջող Ամանոր", - եզրափակել է բրիտանացի դիվանագետը:



