


Արմինֆո. Ադրբեջանական դատարաններում հայերի նկատմամբ կեղծ դատավարությունները եզրափակիչ փուլ են մտել: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ինչպես և կանխատեսելի էր, դատախազները բոլորի նկատմամբ մեծ պատժաչափեր են պահանջել, մյուս կողմից էլ պարզ է, որ տեղի ունեցողն ամբողջությամբ քաղաքական պրոցես է և իրադարձությունների հետագա ընթացքը` անկախ պատժաչափերից, կարող է այլ հուն մտնել:
Մեր հայրենակիցները բնականաբար իրենց մեղավոր չեն ճանաչում և այս ողջ ընթացքում, խիստ սահմանափակ հնարավորությունների պայմաններում, փորձել են իրենց դիտարկումները ներկայացնել:
ՀՀ-ի կողմից միայն խիստ խորհրդանշական քայլերի և հայտարարությունների պայմաններում, շատ բան էլ կախված է միջազգային հանրության ճնշումներից և առանձին դերակատարների կամքից: Ազատություն Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին», - ընդգծել է Տիգան Աբրահամյանը:
Նշենք, որ նախօրեին Բաքվում հերթական "դատավարությունն" է տեղի ունեցել գերեվարված հայերի նկատմամբ ։ Վերջին խոսքով հանդես են եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը և բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը: Նրանք բոլորը մերժել են իրենց առաջադրված մեղադրանքները ՝ հայտարարելով դատախազների փաստարկների սնանկ լինելու մասին ։
Հիշեցնենք, որ ներկայումս ադրբեջանական բանտերում պահվում է 23 հայ, այդ թվում ՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո գերեվարված 16 անձ ։ Գերիների թվում են Արցախի նախկին ութ պաշտոնյաներ․ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին փոխհրամանատար Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը:



