


Արմինֆո. ՀՀ ներքին գործերի նախարարությունը կրկին զգոնության կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին:
«Հարգելի՛ քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի՛ տրամադրեք անձնագրային և բանկային տվյալներ։ Մի փոխանցե՛ք նաև համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը և SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը: Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց՝ հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրավված անձանց կողմից և արդյունքում՝ կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ: Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաև այլ հանցագործությունների կատարման համար», - ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում։
Միեւնույն ժամանակ, ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում է, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացվում է մի խումբ անձանց կողմից համացանցային զանգերի միջոցով հիմնականում եվրոպական պետություններում բնակվող ավելի քան 1500 անձանց տարբեր հաշիվներից առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցներ հափշտակելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում հանցավոր ծագում ունեցող 630 մլն ՀՀ դրամից բացի՝ ևս 44 մլն ՀՀ դրամ փոխանցվել է պետական բյուջե:



