
Արմինֆո. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։ Այդ մասին ասվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տարածած Զգաստության եւ աղոթքի կոչում։
«Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին։ Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը։
Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։ Մայր Աթոռ ողղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Էջմիածնի անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։ Տերը օգնական հայոց ազգին», - ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայ Առաքելական Եկեղեցու 10 եպիսկոպոսներ, որոնք միացել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսին մեկնարկած հակաեկեղեցական արշավին ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով, հանդես էին եկել հայտարարությամբ: Նրանք կոչ էին արել Հայաստանի և սփյուռքի հավատացյալներին միասնական կամք դրսևորել եւ դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին գալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու միանալ Գարեգին Բ-ի հրաժարականի իրենց պահանջին: Դրանից հետո բազմաթիվ հասարակական գործիչներ և ընդդիմադիր գործիչներ հայտարարել են այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա գտնվելու մտադրության մասին ՝ ցույց տալու իրենց աջակցությունը Գարեգին Բ-ին: Հայտարարությամբ է հանդես եկել նաև ՀԱԵ Արագածոտնի թեմը, տեղեկացնելով ժամերգությունը տեղափոխելու և Մայր Աթոռում անցկացնելու մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջի ֆոնին: