
Արմինֆո. ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ի հերթական նիստում հավանություն է տվել ՄԱԿ "Կենսաբանական բազմազանության մասին" կոնվենցիայի Նագոյի արձանագրությունը վավերացնելու մասին" օրենքի նախագծին, որը վերաբերում է գենետիկ ռեսուրսների հասանելիությանը եւ դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդարացի ու իրավահավասար բաշխմանը (ABS-Access and Benefit-Sharing):
Ինչպես ասվում է փաստաթղթի հիմնավորման մեջ, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Գենետիկական ռեսուրսներին հասանելիության և դրանց օգտագործումից բխող օգուտների արդար ու հավասար բախշման մասին Նագոյի արձանագրությունը ընդունվել է 2010 թվականի հոկտեմբերի 29-ին Նագոյա քաղաքում /Ճապոնիա/) եւ միտված է Կոնվենցիայի երեք հիմնական նպատակներից մեկի՝ գենետիկական ռեսուրսների օգտագործումից ստացվող օգուտների արդար և հավասար բախշման գործնական իրականացմանը, որի արդյունքում ակնկալվում են հետևյալ օգուտները․
1. Ազգային ռեսուրսների նկատմամբ ինքնիշխանություն և իրավական պաշտպանություն։
Ըստ արձանագրության 6-րդ հոդվածի (Գենետիկական ռեսուրսներին հասանելիություն)՝ արձանագրությունը ճանաչում է պետությունների ինքնիշխան իրավունքը սեփական գենետիկական ռեսուրսների նկատմամբ և սահմանում է նախնական իրազեկ համաձայնության (Prior Informed Consent, PIC) և փոխադարձ համաձայնեցված պայմանների (Mutually Agreed Terms, MAT) սկզբունքները։
Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը ստանում է միջազգային մակարդակով ճանաչված գործիքներ․ իր կենսաբանական ռեսուրսների օգտագործումն արտասահմանյան սուբյեկտների կողմից վերահսկելու համար; կենսագողության (biopirate) դեմ պայքարելու համար; օտարերկրյա սուբյետների հետ (դեղագործական, կոսմետիկ, գյուղատնտեսական և այլ ընկերություններ) շահավետ պայմանագրեր կնքելու համար։
2. Տնտեսական օգուտներ։ Արձանագրության 5-րդ հոդվածը (Օգուտների արդար և հավասար բաշխում) պարտադրում է օգտատերերին կիսվել ստացված օգուտներով՝ թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական ձևով (տեխնոլոգիաներ, վերապատրաստում, համատեղ հետազոտություններ և այլն)։ Սա թույլ է տալիս ներգրավել ներդրումներ գիտահետազոտական ոլորտում; ստանալ եկամուտներ տեղական գենետիկական ռեսուրսների առևտրային օգտագործումից; զարգացնել կենսաբանական տնտեսությունը և տեղական համայնքների ավանդական գիտելիքները։
3. Տեղական և բնիկ համայնքների ավանդական գիտելիքներին աջակցություն։ Արձանագրության 7-րդ և 12-րդ հոդվածները վերաբերում են գենետիկական ռեսուրսների հետ կապված ավանդական գիտելիքներին հասանելիությանը և այդ գիտելիքները կրող համայնքների իրավունքների պաշտպանությանը։ Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է իրավական ճանաչում և պաշտպանություն ապահովել այդ գիտելիքներին; ապահովել դրանց ընդգրկումը որոշումների կայացման գործընթացներում; ստանալ միջազգային աջակցություն և ընդգրկվել համապատասխան ծրագրերում։
4. Միջազգային հեղինակության բարձրացում և գլոբալ մեխանիզմներին մասնակցություն։
Արձանագրության կողմ չհանդիսացող պետությունները չեն մասնակցում դրա շրջանակներում որոշումների քննարկման և հաստատման գործընթացին։
Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը հնարավորություն է ստանում լիարժեքորեն մասնակցել գենետիկական ռեսուրսների օգտագործման վերաբերյալ միջազգային կանոնների և ստանդարտների մշակմանը; օգտվել գլոբալ տեղեկատվական համակարգերից, այդ թվում՝ ABS Clearing-House-ից (արձանագրության 14-րդ հոդված); ամրապնդել իր դիրքերը որպես պատասխանատու և ակտիվ կողմ՝ բնապահպանական միջազգային քաղաքականության շրջանակում։
5. Հավելյալ միջազգային ֆինանսական աղբյուրների հասանելիություն։
Արձանագրությունը կապված է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) և այլ դոնորների գործունեության հետ։ Վավերացնելով արձանագրությանը՝ պետությունը կարող է՝ դառնալ նպատակային հասանելիության և օգուտների բաշխման (ABS) մեխանիզմների ստեղծման համար դրամաշնորհների շահառու; ամրապնդել արձանագրության ինտեգրումը ազգային կենսաբազմազանության ռազմավարություններում (NBSAPs) և կլիմայական ծրագրերում։
6. Գիտատեխնիկական համագործակցության խթանում։ Արձանագրության 22-րդ հոդվածի համաձայն՝ արձանագրությունը հիմք է ստեղծում տեխնոլոգիաների փոխանակման, համատեղ հետազոտությունների և գիտելիքի փոխանակման համար, ինչը կենսաբազմազանությամբ հարուստ, սակայն գիտական և տեխնիկական ռեսուրսներով սահմանափակ պետությունների համար ունի առանձնահատուկ նշանակություն։