
Արմինֆո. Դեկտեմբերի 15-16-ը Փարիզում տեղի են ունեցել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ ռազմավարական պաշտպանական խորհրդակցությունները, որոնց մասնակցել է ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը։
Հայաստանի ՊՆ հաղորդագրության համաձայն, խորհրդակցությունների ընթացքում Լևոն Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության Միջազգային հարաբերությունների և ռազմավարության տնօրինության նորանշանակ ղեկավար Գիյոմ Օլանիեի հետ, որից հետո պատվիրակությունների կազմով քննարկումներ են տեղի ունեցել տնօրինության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էրիկ Պատիեի հետ։
Խորհրդակցությունների ընթացքում ամփոփվել են համագործակցության շրջանակում 2025 թվականին իրականացված աշխատանքները, և նախանշվել են հաջորդ տարվա ծրագրերը:
Կողմերն ընդգծել են երկկողմ համագործակցությանը ռազմավարական բովանդակություն և ինստիտուցիոնալ բնույթ հաղորդելու կարևորությունը:
Խորհրդակցությունների արդյունքում ստորագրվել է Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը, որն ընդգրկում է մի քանի տասնյակ միջոցառումներ ԶՈՒ կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներում:
Որոշում է կայացվել հաջորդ ռազմավարական պաշտպանական խորհրդակցություններն անցկացնել Երևանում։
Նշենք, որ դեռ 2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ֆրանսիայի այն ժամանակվա ԱԳ նախարար Կատրին Կոլոննան հայտարարել էր Երևանում ֆրանսիական ռազմական կցորդի նշանակման մասին ՝ երկկողմ պաշտպանական համագործակցության հետագա ամրապնդման նպատակով։ Իսկ արդեն նույն թվականի հոկտեմբերի սկզբին Ֆրանսիան դրական արձագանքեց Հայաստանի ռազմական օգնության խնդրանքին՝ Ադրբեջանից բխող սպառնալիքի ֆոնին։ Հոկտեմբերի 22-23-ը Փարիզում Ֆրանսիայի ռազմական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լեկորնյուի և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպմանը տեղեկացվել է Երևանին սպառազինություն մատակարարելու շուրջ համաձայնության մասին: Այն ժամանակ ստորագրվել էին համաձայնագիր Երևանին երեք Thales Ground Master 200 (GM200) ռադարների մատակարարման շուրջ և փոխըմբռնման հուշագիր փոքր հեռահարության Mistral ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ ։ Երկրորդ պայմանագիրը վերաբերում էր Երևանի կողմից գիշերային տեսանելիության հեռադիտակների, Safran-ի արտադրության սարքավորումների ձեռք բերմանը։ Հայաստանը Ֆրանսիայի հետ պայմանավորվել է 50 միավոր "Բաստիոն"տեսակի թեթև զրահամեքենա գնելու շուրջ։