


Արմինֆո. ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերին ուղիղ և անթաքույց միջամտություն է, որն ունի հստակ քաղաքական նպատակներ։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, "Հայաստան" ընդդիմադիր դաշինքից ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
Նրա ասելով՝ ԵՄ պաշտոնյայի հայտարարությունը նշանակում է տարբեր պատրվակներով հող նախապատրաստել նախընտրական շրջանում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը սահմանափակելու, ճնշելու կամ չեզոքանցնելու համար, ազդել Հայաստանի քաղաքացիների ընտրական կամքի և նախընտրությունների վրա։
«Փաստացի, Եվրամիության ներկայացուցիչը հայտարարում է, որ ամենազգայուն փուլում միջամտելու է Հայաստանի ներքաղաքական գործընթացներին՝ ուղղակիորեն ազդելով իշխանության ձևավորման վրա՝ չհարգելով ՀՀ քաղաքացիների ինքնուրույն ընտրելու իրավունքը։ Սա արվում է բացահայտ և առանց քողարկման։
Մենք սա գնահատում ենք որպես ծայրահեղ վտանգավոր գործընթացի սկիզբ, որը կարող է լրջագույն հարված հասցնել Հայաստանի քաղաքական համակարգին ընդհանրապես՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից։ Հենց նման հայտարարություններն են կանաչ լույս վառում ապօրինությունների, բռնությունների և քաղաքական հետապնդումների համար։
Ուստի, կոչ ենք անում Հայաստանի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին հստակ և հրապարակային դիրքորոշում արտահայտել նման հայտարարությունների և գործընթացների վերաբերյալ՝ կանխելու մեր ներքին գործերին միջամտությունները, հնարավոր ճնշումները, բռնությունները և քաղաքացիների կամքի խեղաթյուրման փորձերը։
Հայաստանում իշխանության ձևավորման միակ սուբյեկտը հայ ժողովուրդն է, և որևէ արտաքին միջամտություն ուղիղ հարված է մեր ինքնիշխանությանը», - հայտարարել է Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի Կալասը հայտարարել էր. «Հաջորդ տարի Հայաստանում տեղի կունենան ընտրություններ։ Հայաստանը դիմել է մեզ՝ արտաքին միջամտությունը կանխելու գործում օգնության համար»։



