


Արմինֆո.ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ստացման գործընթացի դյուրացման հարցը ԵՄ օրակարգում է: Այդ մասին Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
"Երեկ Բեռլինում շատ կարևոր նորություն իմացանք։ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտարարել է, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանն այլևս հերթեր չեն լինելու", - ասել է Նիկոլ Փաշինյանը: Նա հավելել է, որ այդ ուղղությամբ ԵՄ-ի հետ աշխատանքը բավական երկար է շարունակվում։ Հայաստանի քաղաքացիները, վարչապետի ասելով, ստիպված են 10 ամիս սպասել վիզա ստանալու համար։ Այժմ առաջին դրական ազդակը ստացվել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատնից ։ Փաշինյանը հույս է հայտնել, որ այդ գործընթացը շարունակվելու է շղթայաձեւ։ Վարչապետը հիշեցրել է, որ վերջին տարիներին Հայաստանից դեպի ԵՄ զբոսաշրջիկների հոսքը զգալիորեն աճել է՝ չնայած վիզա ստանալու հետ կապված դժվարություններին: Փաշինյանն ընդգծել է, որ այսօր Հայաստանի շատ քաղաքացիներ նախընտրում են հանգստյան օրերին մեկնել Հռոմ, Բեռլին և եվրոպական այլ քաղաքներ, ինչը վկայում է քաղաքացիների կյանքի որակի բարձրացման մասին: Փաշինյանը նշել է, որ նախկինում բարձր արժեքի պատճառով ավիատոմսերը շատերին անհասանելի էին թվում, իսկ այժմ դրանք կարելի է գնել 35-50 եվրոյով, ինչը նպաստում է Հայաստանի քաղաքացիների ավելի հաճախակի ուղևորություններին դեպի Եվրոպա:



