


Արմինֆո. Լոռու մարզում մանկաբարձական նոր ծառայություններ ներդնելու համար մարզի բժշկական կազմակերպություններում մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները:
ՀՀ առողջապահության նախարարության հաղորդագրության համաձայն, օժանդակ սերմնավորման կաբինետ, հղիների համար պրենատալ սքրինինգ. այս ծառայություններն առաջիկայում տեղում հասանելի կդառնան Լոռու մարզի բնակիչների համար:
Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, հանդիպելով Լոռու մարզի մանկաբարձական ու մանկաբուժական ծառայությունների պատասխանատուների հետ, կարևորել է նոր ծառայությունների ներդրման գործում մարզային բուժկենտրոնների նախաձեռնողականությունն ու պատրաստակամությունը:
Մարզում գործում է մանկական վիրաբուժական ծառայությունը, տարվում են աշխատանքեր` մանկական նեղ մասնագիտական ծառայութունների ստեղծման, ինչպես նաև` Վանաձորի բժշկական կենտրոնում մանկական վերակենդանացման բաժանմունքի գործարկման համար:
Սպիտակի բժշկական կենտրոնում անխափան գործում է մանկական վերականգնողական ծառայությունը:
Գոհացուցիչ չէ մարզում կեսարյան հատումների ցուցանիշը. այն նվազեցնելու համար Արմեն Գասպարյանը հանձնարարականներ է տվել:
Նշենք, որ ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների, հունվար-սեպտեմբեր ամիսներին Լոռու մարզում ծնվել է 1867 երեխա, ինչը 3,3 տոկոսով զիջում է մեկ տարվա վաղեմության ցուցանիշին:



