


Արմինֆո. Թբիլիսիում դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ Վրաստանի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համատեղ երրորդ նիստը Սարգիս Խանդանյանի եւ Նիկոլոզ Սամխարաձեի համանախագահությամբ: Նիստին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Մարիա Կարապետյանը, Լենա Նազարյանը:
Հայաստանի ԱԺ հաղորդագրության համաձայն, երկուստեք կարեւորվել են 2022 թվականի նոյեմբերին համատեղ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ նիստերի անցկացումը, երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը:
Քննարկվել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ ռազմավարական հարաբերություններից բխող ընթացիկ գործընթացները, երկկողմ քաղաքական, տնտեսական եւ մշակութային գործընկերության մանրամասները:
Երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների անդամները մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային, անվտանգային եւ տնտեսական հարցերի շուրջ: ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները գործընկերներին ներկայացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի ընթացիկ իրավիճակը, ինչպես նաեւ «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության նախագծի իրագործմանն ուղղված աշխատանքները:



